research
  • 12 Հու
  • 2024

Ճանապարհորդություն դեպի Իրան

    Ցրտաշունչ ձմռանն ունեցած ճանապարհորդությունիցս մնացած ջերմ հուշերով ու տպավորություններով, այս անգամ արդեն ամռանը, այս տարվա մեջ երկրորդ անգամ ճանապարհ ընկա դեպի Իրան՝ կրկին համալսարանական խմբով։

    Իրանի սահման հասանք գիշերը ժամը 3-ին։ Ոտքով քայլելով ամբողջ միջանկյալ հատվածը, և իհարկե, ականջ դնելով Արաքսի հանգիստ խշշոցին, մտանք Իրանի տարածք, իսկ արդեն լուսաբացին, երբ ժամանեց մեր ավտոբուսը, շարժվեցինք դեպի Ջուլֆա։ Մեզ ուղեկցում էր հրաշալի մարդկանցից կազմված պատվիրակություն՝ պարոն Աբդիի գլխավորությամբ։ Նախաճաշելուց հետո գնացինք հայազգի վաճառական և բարերար Խոջա Նազարի կառուցած իջևանատուն, որից մի քանի մետր այն կողմ գտնվում էր Իրան - Նախիջևան սահմանը՝ բաժանված Արաքս գետով։ Խոջա Նազարի և իջևանատան պատմություններին ծանոթանալուց հետո շարժվեցինք դեպի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք, որը գտնվում է Ջուլֆայից 15 կմ հեռավորության վրա։ Վանքը տեսնելուց, այնտեղ աղոթելուց և երգելուց հետո գնացինք Թավրիզ, որտեղ ճաշեցինք, ապա այցելեցինք Թավրիզի Իսլամական արվեստների համալսարանի արվեստանոց, որտեղի ցուցահանդես - վաճառքում ներկայացված էին նույն համալսարանի ուսանողների ձեռագործ աշխատանքները։ Ցուցահանդես - վաճառքը համակարգում էր իմ վաղեմի բարեկամ պարոն Հաբիբ Դիդարը։
    Մի փոքր հանգստանալուց և ընթրելուց հետո մեզ ազատ ժամանակ տվեցին, որը մենք օգտագործեցինք Թավրիզի փողոցներով շրջելով։
    Հաջորդ առավոտյան արշալույսին նախաճաշեցինք և ճանապարհ ընկանք դեպի Թեհրան։ Թավրիզից Թեհրան ճանապարհը շատ երկար էր, ուստի ճանապարհին կանգ առանք արդեն հարազատ դարձած Ղազվին քաղաքում և ճաշեցինք։ Թեհրան հասնելուն պես շարժվեցինք դեպի Միլադ աշտարակ, որի բարձունքից վայելեցինք լեռների արանքում գտնվող մայրաքաղաքի գեղեցկությունը, եղանք թանգարանում և առևտրի կենտրոնում։ Այնուհետև գնացինք Թեհրանի համալսարան, որտեղ մեզ ջերմ ընդունելության արժանացրեց Թեհրանի համալսարանի գիտաշխատող, կովկասագետ պարոն Հոսեյնին:
    Հաջորդ օրը կրկին սկսեցինք նախաճաշով, այնուհետև գնացինք դեպի Ազատության հրապարակ, որը Թեհրանի խորհրդանիշներից մեկն է։ Ազատության հրապարակում որոշ ժամանակ անցկացնելուց հետո գնացինք Իրանի Օդատիեզերական ազգային պարկ, ծանոթացանք իրանական ռազմարդյունաբերության գլուխգործոցներին, ինչպես նաև որոշակի տեղեկություն ստացանք Իրանի և Իրաքի միջև պատերազմի ռազմական գործողությունների մասին։ Ապա դուրս եկանք մայրաքաղաքից և շարժվեցինք դեպի Սպահան։ Ճանապարհը բավականին երկար էր, ուստի ճաշելու համար կանգ առանք Ղոմ քաղաքի հայտնի Մեհրոմահ առևտրի կենտրոնում։
    Սպահան հասնելուն պես անմիջապես գնացինք հայկական թաղամասում գտնվող հյուրանոց՝ համարներ ամրագրելու, ապա ընթրեցինք տեղի հայերից մեկին պատկանող ռեստորանում, շրջեցինք հայկական թաղամասով, գիշերային Սպահանով և վերադարձանք հյուրանոց։
    Հաջորդ օրը առավոտյան դուրս եկանք զբոսանքի: Պարոն Աբդին մեզ համար կազմակերպեց փոքր տուր-քայլարշավ Սպահան քաղաքով: Ոտքով քայլեցինք դեպի Սի-ո-սե փոլ կամ, ինչպես առաջ էր կոչվում, Ալլահվերդի խանի կամուրջ, ծանոթացանք կամրջի և հենց հայտնի խանի պատմությանը, այնուհետև շարժվեցինք դեպի Հաշթ Բեհեշթ թանգարան, որտեղ վայելեցինք արևելյան ճարտարապետության գեղեցկությունը: Հաշթ Բեհեշթից մեր քայլարշավը շարունակվեց դեպի Սպահանի ամենահայտնի վայրերից մեկը՝ Չեհել Սոթուն պալատ: Չեհել Սոթունը Շահ Աբբասի կառուցած պալատներից և ժամանակի ճարտարապետական մեծագույն հուշարձաններից մեկն է։ Այս պալատը հիմնականում օգտագործվել է պաշտոնական ընդունելությունների համար։ Քաղաքով զբոսնելուց հետո վերադարձանք հյուրանոց, հավաքեցինք իրերը և շարժվեցինք դեպի Իրանի հարավ՝ գրականության և ծաղիկների քաղաք համարվող Շիրազ։ Հասնելուն պես գնացինք 12-րդ դարում կառուցված գեղեցկագույն Շահ Չերաղ մզկիթ, որտեղ գտնվում է Շահ Չերաղի՝ Սայյիդ Ահմադի դամբարանը։
    Հաջորդ առավոտյան գնացինք Պերսեպոլիս՝ Աքեմենյանների մայրաքաղաքի հնավայր։ Սա այն վայրն էր, որի մասին բազում պատմություններ էինք կարդացել, տեսել նկարները, դիտել ֆիլմեր, սակայն այն սեփական աչքերով տեսնելու ցանկությունը միշտ եղել էր։ Եվ ահա, մենք տեսանք նաև Պերսեպոլիսը, զրադաշտական Աքեմենյաններից մնացած քանդակները, ուշադրությամբ, թեպետ ոչինչ չհասկանալով, ուսումնասիրեցինք արձանագրությունները և այլն։ Պերսեպոլիսից վերադառնալուց հետո մեր ուսանողուհիները հագան ղաշղայական ազգային հագուստներ և մենք շարժվեցինք դեպի իրանցի մեծ պոետի՝ Սադիի դամբարան, այնտեղ հնչեցրինք մեծության բանաստեղծություններից մի քանիսը և գնացինք դեպի հաջորդ մեծ պոետի՝ Հաֆեզի դամբարան, որտեղ նույնպես հիշեցինք հանճարի ստեղծագործությունները։ Երեկոյան ոտքով շրջեցինք Շիրազով և վերադարձանք հյուրանոց։ Հաջորդ առավոտյան վերադարձանք Սպահան, եղանք հայկական եկեղեցում, աղոթեցինք, շրջեցինք թանգարանով, զրուցեցինք տեղի հայերի հետ և շարժվեցինք Ղոմ քաղաքի ուղղությամբ, իսկ ճանապարհին կանգ առանք Իմամզադեհ Շահ Ռեզա մզկիթի մոտ, շրջեցինք մզկիթում և շարունակեցինք մեր ճանապարհը։ Ղոմ հասնելուն պես գնացինք Իմամ Ռեզայի քրոջ՝ Մասումեի հոյակերտ դամբարան - մզկիթ, որի գեղեցկությամբ հիանալուց հետո մի փոքր զբոսնեցինք Ղոմում և վերադարձանք հյուրանոց։ Առավոտյան մեզ էր սպասում Թեհրանը։ Վերադարձանք Թեհրան և գնացինք Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր և Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնու դամբարան։ Դամբարանը թե՛ դրսից, թե՛ ներսից հեքիաթային տեսք ուներ, կարծես չէինք կարողանում հավատալ, որ այն իրական է իր մեծության և շքեղության պատճառով։ Պարոն Աբդին մեզ մի փոքր պատմեց Խոմեյնու գործունեության և Իսլամական հեղափոխության մասին, որից հետո մենք ճաշեցինք և գնացինք հյուրանոց։ Մեզ տրամադրեցին ազատ ժամանակ և թույլ տվեցին այն ծախսել այնպես, ինչպես մենք կցանկանանք, իսկ մենք որոշեցինք շրջել Թեհրանով, քաղաքի մետրոյով գնացինք Էնղելաբ փողոց, որտեղ կան անհամար գրախանութներ, որտեղից էլ գրքեր գնեցինք մեզ համար և քայլելով վերադարձանք հյուրանոց՝ վայելելով երեկոյան Թեհրանի աշխուժությունը։ Հաջորդ առավոտյան շարժվեցինք դեպի Գիլան նահանգ։ Ճանապարհին կանգ առանք Ղազվինում, որտեղ մեզ տեսնելու էր եկել նախորդ այցելությունից հարազատ դարձած մեր լավ բարեկամ պարոն Ղորբանին։ Հաջորդ կանգառը Ռաշթ քաղաքում էր՝ ճաշի համար։ Ռաշթից շարժվեցինք դեպի հյուսիս՝ որտեղ էլ մեզ էր սպասում Կասպից ծովը։ Մոտ կես ժամ ծովը վայելելուց հետո շարունակեցինք ճանապարհը և քիչ անց կանգ առանք՝ Էբրահիմի և Ղասեմի դամբարան - մզկիթ այցելելու նպատակով։ Այնուհետև հասանք Արդաբիլ և մինչև ուշ գիշեր զբոսնեցինք դրա փողոցներով՝ շնչելով Իրանի հյուսիսի սառը և մաքուր օդը և ավարտեցինք Իրանում այս ճանապարհորդության ժամանակ անցկացրած մեր վերջին լիարժեք օրը։
    Առավոտյան շարժվեցինք դեպի Իրան - Հայաստան սահման, այսպիսով, ավարտելով մեր երկար սպասված և անմոռանալի ճանապարհորդությունը, որի շնորհիվ ավելի հարստացավ մեր գիտելիքների պաշարը թե՛ որպես իրանագետ, և թե՛ որպես մարդ։ Սա մի աննկարագրելի գեղեցիկ ճանապարհորդություն էր, որը հավերժ կմնա յուրաքանչյուրիս հուշերում՝ որպես ջերմ օրեր՝ անցկացրած ջերմ և պայծառ Իրանում։ Թավրիզի աշխույժ երեկոները, Թեհրանի ժամանակակից կյանքը, Ղոմի ավանդականությունը, Սպահանի մշակութային միջավայրը, Շիրազի պոետիկ երանգները, Պերսեպոլիսի պատմականությունը և Գիլանի ծովափնյա շունչը զարդարում են Իրանի ամբողջական գունապնակը, որը մենք երբեք չենք մոռանա։
    Շնորհակալությունս եմ հայտնում ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ասատրյանին՝ ինձ՝ այս խմբում ընդգրկելու համար։
    Շնորհակալությունս եմ հայտնում մեզ ուղեկցող անձնակազմին՝ պարոն Աբդիին, պարոն Ռեզայիին և հարգարժան վարորդներին, առանց որոնց մեր ճանապարհորդությունը պարզապես թերի կլիներ։
    Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ-ում ԻԻՀ Դեսպանությանը և Մշակույթի կենտրոնին՝ ի դեմս ղեկավար պարոն Ասադիի՝ այս ճանապարհորդությունը կազմակերպելու և սրտացավորեն մշտապես մեզ հետ կապի մեջ լինելու համար։