research
  • 10 Հու
  • 2026

Պրոֆեսոր Յոստ Գիպերտի դասախոսությունը ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտում

    Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հայտնի գերմանացի գիտնական, պրոֆեսոր Յոստ Գիպերտի դասախոսությունը՝ «Աղվանք. աշխատանք ձեռագրերի հետ» թեմայով

    Պրոֆեսոր Գիպերտը առանցքային դեր է խաղացել Սինա լեռան Սուրբ Եկատերինայի վանքում հայտնաբերված աղվանալեզու սինայական կրկնագրերի (պալիմպսեստների) ուսումնասիրության գործում: Այս հայտնագործությունը համարվում է կարևորագույն ձեռքբերումներից մեկը Աղվանքի պատմամշակութային ժառանգության հետազոտության բնագավառում:
    Պալիմպսեստները (կրկնագրերը) ձեռագրեր են, որոնցում սկզբնական տեքստը ջնջվել է, և դրանց վրա գրվել է նորը: Ժամանակակից տեխնոլոգիաների ու հետազոտության նորագույն մեթոդների շնորհիվ գիտնականներին հաջողվում է վերականգնել տեքստի ստորին շերտը: Հայտնաբերված ձեռագրերի մի մասը գրված է աղվաներենով և հիմնականում պարունակում է աստվածաշնչյան թարգմանությունների ու ծիսական տեքստերի պատառիկներ:
    Ինչպես նշեց պրոֆեսոր Գիպերտը, այս ձեռագրերի համակարգված ուսումնասիրությունն սկսվել է 1990-ական թվականների վերջին և շարունակվում է մինչ օրս: Հետազոտությունների զգալի մասն իրականացվում է այն նախագծերի շրջանակներում, որոնք նա ղեկավարում է Համբուրգի համալսարանին կից Ձեռագրերի մշակույթի հետազոտության կենտրոնում (Centre for the Study of Manuscript Cultures): Կենտրոնը գրավոր արտեֆակտների միջդիսցիպլինար ուսումնասիրությամբ զբաղվող աշխարհի առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից է:
    Դասախոսության ընթացքում գիտնականը մանրամասն պատմեց ձեռագրերի վերծանման գործընթացի, կիրառվող հետազոտական մեթոդների և պահպանված տեքստերի առանձնահատկությունների մասին: Հատուկ ուշադրություն դարձվեց ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններին, որոնք թույլ են տալիս վերականգնել հնագույն ձեռագրերի՝ նախկինում ընթերցման համար անհասանելի պատառիկները:
    Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագիտական համայնքի ներկայացուցիչների՝ արևելագետների, բանասերների, կրոնագետների, պատմաբանների և հնագետների շրջանում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու բազմամյա հետազոտությունների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Կովկասի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար:
    Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գիտության կոմիտեի «Կովկասա-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինքնությունների տրանսֆորմացիան» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ղեկավարած հետազոտական խմբի կողմից: