research
  • 13 Փետ
  • 2026

Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ճանաչված արևելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանին շնորհվել է Իրանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչում

    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ողջունեց ՀՌՀ Գիտական խորհրդի անդամներին և ընդգծեց պրոֆեսոր Ասատրյանի զգալի դերը գիտական ու հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործում

    Պրոֆեսոր Ասատրյանին բարձր կոչումը շնորհվել է իրանագիտության և արևելագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի, նոր գիտական ուղղությունների հիմնադրման, գիտական դպրոցի ստեղծման, ինչպես նաև արևելագիտության տարբեր բնագավառներում ծավալած մասշտաբային գիտահրատարակչական գործունեության համար:

    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ողջունեց ՀՌՀ Գիտական խորհրդի անդամներին և ընդգծեց պրոֆեսոր Ասատրյանի զգալի դերը գիտական ու հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործում:

    «Պրոֆեսոր Ասատրյանը մի շարք գիտական պարբերականների, այդ թվում՝ ամենահեղինակավոր միջազգային հանդեսներից մեկի՝ “Iran and the Caucasus”-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է։ Նրա խմբագրությամբ լույս են տեսնում նաև “Caucaso-Caspica. ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի աշխատություններ” տարեգիրքը և “Կովկասյան-կասպիական բանասիրության ուսումնասիրություններ” (Штудии по кавказско-каспийской словесности) ամսագիրը, որը հրատարակվում է Թեհրանում՝ Մեծ իսլամական հանրագիտարանի հետ համատեղ»,- նշեց դեսպանը:

    Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը շնորհավորեց պրոֆեսոր Ասատրյանին պատվավոր կոչմանն արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով նրա ավանդը հայ-իրանական գիտական համագործակցության զարգացման գործում:

    Պրոֆեսոր Ասատրյանը եվրոպական և արևելյան բազմաթիվ լեզուներով հրատարակված հարյուրավոր գիտական աշխատությունների հեղինակ է: Ավելի վաղ նա արժանացել էր Իրանի հեղինակավոր նախագահական «Տարվա գիրք» մրցանակին, ինչը նրա գիտական գործունեության միջազգային ճանաչման ևս մեկ հավաստումն էր։