Իրանագիտությունը արևելագիտության գլխավոր և կարևորագույն ուղղություններից է: Այն ուսումնասիրում է իրանալեզու ժողովուրդների լեզուները, գրականությունը, պատմությունը, բանահյուսությունը, կրոնները, ազգագրությունը, հոգևոր և նյութական մշակույթը: Իրանագիտության առանձին ճյուղեր են համարվում աֆղանագիտությունը, քրդագիտությունը, բելուջագիտությունը, օսագիտությունը, զազայագիտությունը և այլն:
Իրանագիտության հայկական դպրոցն այսօր իր հաստատուն և առաջատար դիրքն ունի տարածաշրջանում և աշխարհում: Արտասահմանյան գիտական աշխարհը մշտապես կարևորում է Հայաստանում այս ոլորտում կատարվող գիտահետազոտական աշխատանքները՝ իրավացիորեն մեր երկիրը համարելով յուրօրինակ դարպաս դեպի իրանական աշխարհ: Իզուր չէ, որ բազմաթիվ իրանցի ուսանողներ իրենց բարձրագույն կրթությունը որպես իրանագետներ՝ նախընտրում են ստանալ հենց մեզ մոտ՝ ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտում:
Շնորհիվ այս ոլորտի առաջատար մասնագետների, մեր ինստիտուտը այսօր օրգանապես հանդիսանում է համաշխարհային իրանագիտական ավանդույթների լավագույն կենտրոնատեղին ու շարունակողը:
«Իրանագիտություն» մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերի լիարժեք մատուցումից զատ, խրախուսվում է երիտասարդ իրանագետների գիտական պրպտումնեն այս ոլորտի բազմաթիվ ճյուղերում: ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտն այսօր լիովին ապահովված է այն բոլոր ռեսուրսներով, որոնք ապահովում են գիտա-ուսումնական ծրագրերի հավուր պատշաճի իրականացումը: Ինստիտուտը համագործակցության պայմանագրեր է կնքել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ արևմտյան մի շարք առաջատար համալսարանների ու գիտական կենտրոնների հետ, որոնցով նախատեսված է իրականացնել կրթական ծրագրեր, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ, միջազգային համաժողովներ և այլն:
Մագիստրատուրայում Արևելագիության ինստիտուտի մշակած հայեցակարգի համաձայն՝ նախատեսվում է իրանագիտության մագիստրոսական ծրագիրն անցկացնել երկու սկզբունքի համաձայն.
- Իրանագիտության՝ որպես արևելագիտության առանձին ճյուղի ուսումնասիրման շարունակականության ապահովում համապատասխան առարկաների դասավանդմամբ և մագիստրոսական աշխատանքների պատրաստմամբ, այն է՝
- Մասնագիտական լեզուների խորացված, համեմատական ուսումնասիրություն:
- Աղբյուրագիտություն և սկզբնաղբյուրներով աշխատելու հմտությունների զարգացում:
- Իրանի, Աֆղանստանի և իրանալեզու այլ երկրների պատմության հին և ժամանակակից շրջանների, ազգագրության, գրականության, ներքաղաքական կյանքի և միջազգային խնդիրների վերլուծական քննության ուսումնասիրության մեթոդաբանություն:
- Միջդիսցիպլինար հայեցակարգի համաձայն՝ ըստ ուսանողի նախասիրության.
- Մասնագիտական լեզվի խորացված ուսուցում ինչպես զրոյական մակարդակից, այնպես էլ լեզվական հմտությունների խորացում՝ քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հասկացությունների և տերմինաբանության մատուցմամբ:
- Միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, տնտեսագիտության, քաղաքագիտության առանցքային խնդիրների ուսումնասիրում՝ ըստ երկրի կամ տարածաշրջանի առանձնահատկությունների:
- Մասնագիտական առանցքային առարկաների մատուցում՝ ըստ երկրի կամ տարածաշրջանի քաղաքական, իրավական, տնտեսական և միջազգային հարաբերությունների առանձնահատկությունների: