Արաբագիտությունը հումանիտար գիտությունների առանձին ճյուղ է, որն ուսումնասիրում է գրական արաբերենը, արաբերենի բարբառները, գրականությունը, արաբական երկրների պատմությունը, ազգագրությունը, փիլիսոփայությունը, հոգևոր և նյութական մշակույթը, Իսլամն ու նրան հարող կրոնական ուղղությունները:
«Արաբական աշխարհ» եզրույթը, որով սահմանվում է արաբախոս պետությունների և երկրների աշխարհագրությունը, ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի տարածքները, ուր ապրում է ավելի քան 400 միլիոն արաբախոս բնակչություն: Արաբագիտությունն այսօր, թերևս, ամենապահանջված մասնագիտություններից է ոչ միայն հարուստ մշակութային ու հոգևոր ժառանգություն ունեցող ժողովուրդների ուսումնասիրության տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ Արաբական երկրներն այսօր գտնվում են աշխարհաքաղաքական մեծ բախումների կիզակետում: Այս երկրներում և դրանց շուրջ կատարվող իրադարձությունները չեն սահմանափակվում միայն խնդիրներով, դրանց արդյունքում առաջանում են մեծ փոփոխություններ ամբողջ աշխարհում թեկուզ միայն դեմոգրաֆիական առումով: Պատերազմական ու սոցիալ-քաղաքական զարգացումների պատճառով արաբախոս բնակչության տեղաշարժերը աշխարհում վաղ թե ուշ հանգեցնելու են քաղաքակրթական լուրջ փոփոխությունների, իսլամի՝ որպես համաշխարհային կրոնական գաղափարախոսություններից մեկի, գլոբալ տրանսֆորմացիայի:
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը կարևորում է ինչպես դասական արաբագիտական գիտելիքների մատուցումը, այնպես էլ ազգաբանական, քաղաքակրթական գործընթացների ու առկա խնդիրների ներկայացումը, որոնք հնարավորություն են տալիս պատրաստել բանիմաց ու վերլուծական ունակություններով մասնագետներ:
Մագիստրատուրայում Արևելագիտության ինստիտուտի մշակած հայեցակարգի համաձայն՝ նախատեսվում է արաբագիտության մագիստրոսական ծրագիրն անցկացնել երկու սկզբունքի համաձայն.
- Արաբագիտության՝ որպես արևելագիտության առանձին ճյուղի ուսումնասիրման շարունակականության ապահովում համապատասխան առարկաների դասավանդմամբ և մագիստրոսական աշխատանքների պատրաստմամբ, այն է՝
- Մասնագիտական լեզուների խորացված, համեմատական ուսումնասիրություն:
- Աղբյուրագիտություն և սկզբնաղբյուրներով աշխատելու հմտությունների զարգացում:
- Արաբական երկրների պատմության հին և ժամանակակից շրջանների, ազգագրության, գրականության, ներքաղաքական կյանքի և միջազգային խնդիրների վերլուծական քննության ուսումնասիրության մեթոդաբանություն:
- Միջդիսցիպլինար հայեցակարգի համաձայն՝ ըստ ուսանողի նախասիրության.
- Մասնագիտական լեզվի խորացված ուսուցում ինչպես զրոյական մակարդակից, այնպես էլ լեզվական հմտությունների խորացում՝ քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հասկացությունների և տերմինաբանության մատուցմամբ:
- Միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, տնտեսագիտության, քաղաքագիտության առանցքային խնդիրների ուսումնասիրում՝ ըստ երկրի կամ տարածաշրջանի առանձնահատկությունների:
- Մասնագիտական առանցքային առարկաների մատուցում՝ ըստ երկրի կամ տարածաշրջանի քաղաքական, իրավական, տնտեսական և միջազգային հարաբերությունների առանձնահատկությունների: