Պարսկերեն
Երկամյա դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն դասական և ժամանակակից պարսկերեն գրականություն, հասարակական, քաղաքական, պատմական, տնտեսական բնույթի տեքստեր, կկատարեն թարգմանություններ պարսկերենից հայերեն և հակառակը:
Քաղաքական  տեքստերի թարգմանություն
Այս դասընթացի նպատակը քաղաքական տեքստերի թարգմանության միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության ուսումնասիրությունն է: Ինչպես նաև անդրադարձ կկատարվի Իրանի քաղաքական մտքին՝ հին ժամանակներից մինչև այսօր:
Իրանական լեզուներ. պատմական ակնարկ
Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն հին, միջին և նոր շրջանի իրանական լեզուները, իրանական լեզուների և բարբառների դասակարգումը` ըստ  տարածական և ժամանակային հատկանիշի, նրանց միջև եղած փոխհարաբերություններն ու զարգացումները:
Ժամանակակից պարսկերենի տեսական քերականություն
Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից պարսկերենի հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը` համեմատություններ կատարելով հին պարսկերենի, միջին պարսկերենի, դասական պարսկերենի քերականական համակարգի հետ:
Արաբապարսկական աղբյուրներ
Դասընթացը նպատակ ունի ծանոթացնել ուսանողներին արաբապարսկական գրականությանը, որը հետագայում աղբյուր կծառայի դասական շրջանի արաբական և պարսկական մշակույթների ուսումնասիրության համար:
Իրանական գրականության հիմնահարցեր
Դասընթացի ընաթացքում ուսանողներն ուսումնասիրելու են իրանական գրականության ժամանակակից փուլը, արևմտյան գրականության ազդեցությունը իրանական գրականության վրա, այնտեղ արծարծվող սոցիալական  և քաղաքական հարցերը:
Տեղանունները որպես պատմական աղբյուր
Տեղանվանագիտությունը տեղանունների ուսումնասիրությունն է` ստուգաբանական, պատմական և աշխարհագրական փաստերի հիման վրա: Այն բաժանում է տեղանունները երկու մասի` բնականուններ և հատկանիշը որպես հիմք ունեցող տեղանուններ: Բնականունների մեջ մտնում են գյուղերի, քաղաքների անունները, որոնք սովորաբար փոփոխության չեն ենթարկվում հիմնադրումից սկսած: Հատկանշային անուններ, որոնց հիմքում ընկած է տեղանվան ֆիզիկական հատկանիշը` հիդրոնիմներ, օրոնիմներ, բուսանուններից կազմված տեղանուններ:
Միջնադարյան ճանապարհորդները Իրանի մասին
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են տարբեր եվրոպացի ճանապարհորդների գրությունները, ովքեր  ճանապարհորդել են Իրան տարբեր նպատակներով` առևտրական, դիվանագիտական, կրոնական ուխտագնացության: Նրանց ճանապարհորդական օրագրերը հսկայական տեղեկություններ են պարունակում իրանական ժողովուրդների կենցաղի, մշակույթի, վարք ու բարքի մասին:
Անտիկ և միջնադարյան Իրանի հիմնահարցեր
Դասընթացն ուսումնասիրում է Իրանի պատմության հին և միջին շրջանները` սկսած Զրադաշտ մարգարեի ուսմունքներից մինչև Սասանյան կայսրություն: Ուշադրություն է դարձվելու մինչիսլամական Իրանի պատմության երկու հիմնական կայսերական շրջաններին` Աքեմենյանների և Սասանյանների պատմությանը:
Իրանալեզու տարածքների պատմական աշխարհագրություն
Իրանական լեզուները տարածված են ոչ միայն Իրանում, այլև Աֆղանստանում, Տաջիկստանում, Պակիստանում, Կենտրոնական Ասիայի տարածքում, Մերձավոր Արևելքում և Կովկասում: Դասընթացը նախատեսում է ուսումնասիրել բոլոր իրանալեզու տարածքների մշակութային, լեզվական, կրոնական առանձնահատկությունները:  
Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Իրանի նկատմամբ
Դասընթացի ընթացքում կուսումնասիրվի Ռուսաստանի քաղաքականությունը Իրանի նկատմամբ` Սեֆյան շրջանից սկսած մինչև ժամանակակից փուլ` քննելով էներգետիկ, անվտանգության, համագործակցության,  տարածաշրջանային հարցեր:
Իրանի անվտանգության հարցերն ու կոնֆլիկտները
Իրանը հսկայական տարածք ունեցող, ամուր ազգային ինքնությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ և ավանդույթներով երկիր է: Իրանի Իսլամական Հանրապետության համար նրա անվտանգության հարցը լայն հայեցակարգ է: Դասընթացը կուսումնասիրի քաղաքական, տնտեսական, մշակութային և ռազմական գործոնները, որոնք ձևավորում են Իրանի բազմակողմանի մոտեցումը ազգային անվտանգության հարցին: 
Իրանի քաղաքական մտքի պատմություն
Այս դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Մերձավոր և Միջին Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի իսլամական քաղաքական մտքի զարգացմանը միջնադարյան շրջանից ժամանակից շրջան՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի քաղաքական մտքին: Թեմաները կներառեն քաղաքական կարգի ստեղծումը, ընթացակարգային և սուբստանտիվ արդարության միջև հարաբերությունները, մարդու իրավունքները, հավասարությունը, պատերազմը և ժողովրդավարությունը: Ինչպես նաև դասընթացը կուսումնասիրի նավթային քաղաքականության ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա: Կվերլուծվեն նավթի, արտաքին միջամտության, նացիոնալիզմի, ժողովրդավարության և կրոնի միջև եղած կապերը:
Հայ-իրանական հարաբերությունների պատմություն
Հայ-իրանական հարաբերություններն ունեն 2500-ամյա պատմություն:  Հետաքրքիր է, որ «հայ» էթնոնիմն առաջին անգամ վկայված է Աքեմենյան արքա Դարեհ Մեծի Բեհիսթունյան արձանագրության մեջ: Մինչ 19-րդ դարի սկիզբը Երևանի խանությունը Պարսկաստանի մի մասն էր կազմում: Սկսած 1992թ.-ից մինչ ասօր Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատված են ամուր դիվանագիտական կապեր: Դարեր շարունակ հայերն ու իրանցիները պաշտում էին միևնույն աստվածներին, իսկ արքայական դինաստիաները կիսում էին միևնույն սովորույթները:
Մերձավոր և Միջին Արևելքում էթնիկ կազմավորման գործընթացները
Այս դասընթացը ուսումնասիրում է հնագույն Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդներին և նրանց շուրջ կատարված իրադարձությունները, ինչպես նաև Միջագետքի, Եգիպտոսի, Քանանի, Իսրայելի մշակութային ընդհանրություններն ու առանձնահատկությունները:
Քրդերի պատմության որոշ հիմնահարցեր
Այս դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն քրդերի պատմությունը և դրա քաղաքական զարգացումը, քրդերի սոցիալական կառուցվածքը, քրդական նացիոնալիզմը, քաղաքական կուսակցությունների ձևավորումը, նրանց ինքնությունը,  քաղաքական տնտեսությունը, տարածաշրջանային հարաբերությունները, միջազգային հարաբերությունները:
Կենտրանական Ասիայի և Աֆղանստանի էթնոլեզվական պատկերը
Աֆղանստանը գտնվում է Իրանի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Ասիայի խաչմերուկներում. բացառիկ աշխարհագրական դիրք, որն արտացոլովում է այս երկրի էթնոլեզվական պատկերի մեջ: Այս տարածքում խոսում են 30 լեզուներով և բարբառներով, որոնք պատկանում են երեք լեզվաընտանիքների` Հնդեվրոպական, Թուրքական և Դրավիդյան: Հիմնական լեզունեը փաշտոն և դարին են:
Իրանի հյուսիսարևմտյան և մերձկասպյան շրջանների էթնոլեզվական պատկերը
Դասընթացի ընթացքում քննության են առնվելու հետյալ իրանական բարբառները. թալիշները, թաթերենը և ազարին, գիլաքին, մազանդարանին, զազան և գուրանին (ներառյալ ավրոմանին), Դաշթ-ե Քավիրի հյուսիսում տարածված մի քանի բարբառներ, այդ թվում` սեմնանին, և կենտրոնական բարբառները, որոնք ընկած են Համդանի, Դաշթ-ե Քավիրի, Քաշանի և Իսֆահանի միջև:
Իրանական ազգագրության հիմնահարցեր
Դասընթացի ընթացքում նախատեսված է իրանական ժողովուրդների կյանքի ու կենցաղի, վարք ու բարքի, նրանց վերաբնակեցման, մշակութային և պատմական փոխհարաբերությունների դիտարկում և դրանց հետագա վերլուծություն՝ օգտագործելով վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական տեքստերը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը:
Իրանական էթնիկ տարրը Կովկասում
Այս դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են Կովկասի իրանական ծագում ունեցող ժողովուրդների` օսերի, քրդերի, թալիշների, թաթերի մշակույթը, կենցաղը, պետական և քաղաքական խնդիրները,  լեզուները:
Իրանալեզու տարածքների պետություն-ցեղային հարաբերությունները
Որպես ինքնության և քաղաքական լոյալության ու վարքագծի հիմք, ցեղը հիմնված է ազգակցական կապերի վրա, իսկ պետությունը հիմնված է որոշակի տարածքում ապրող մարդկանց հավատարմության վրա՝ անկախ այն բանից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն նրանք միմյանց հետ: Աշխատանքի բաժանումը ցեղային մոդելում «բնական» է, իսկ պետական մոդելում այն ավելի բարդ է: Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն իրանալեզու տարածքներում այս երկու մոդելների միջև եղած հակադրությունները, նրանց բախումը միմյանց և սոցիալական իրականության հետ:
Օսերի պատմության և մշակույթի հիմնահարցեր
Օսերը իրանական ժողովուրդների սկյութասարմատական խմբի ժառանգներն են: Նրանք հանգում են ալաններին, որոնք մ.թ. 1-ին դարում  ստեղծեցին թագավորություն Կովկասի հյուսիսում, որը գոյություն ուներ մինչ 13-14-րդ դարերը՝ մինչ մոնղոլական և թիմուրյան արշավանքները: Նրանք աշխարհին հայտնի են վրացական «օս» էկզոնիմով:
Օսերենի իմացությունը շատ կարևոր է ոչ միայն իրանական լեզուների համեմատական լեզվաբանության համար, այլև կովկասյան լեզվական շրջանի լեզվական առնչությունների տիպաբանության համար: Շատ կարևոր է նաև օսերի մշակութային ժառանգությունը, հատկապես Նարտյան էպոսը, որը հնդեվրոպական և կովկասյան տարրերի խառնուրդ է:
Իրանի մինչիսլամական շրջանի կրոնական հավատալիքները
Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել Իրանի մինչիլսամական շրջանի կրանական հավատալիքները` ներառյալ հնդարիական հավատալիքները, զրադաշտականությունը (ներառյալ մազդակյան շարժումը), Արևմտյան Իրանի մինչզրադաշտական հավատալիքները: Հատուկ ուշադրություն է դարձվելու մանիքեականությանը, որը  թեև չունի իրանական ծագում, սակայն մեծ դեր է  ունեցել Իրանի կրոնական պատմության մեջ:  
Իրանի էթնոդավանաբանական հանրույթները
Դասընթացը Իրանի տարբեր էթնոդավանաբանական հանրույթների` քրդերի, գիլաքների, մազանդարանցիների, լուրերի, թաթերի, թալիշների, բելուջների, թուրքմենների, ղաշղայիների, արաբների, ասորիների, հայերի, վրացիների և այլ ժողովուրդների մասին ներածական ակնարկ է:
Իսլամական աղանդների պատմություն
Դասընթացն ուսումնասիրում է իսլամական աղանդների և իսլամի ուղղությունների առաջացման պատճառները, հանգամանքները, ժամանակաշրջանները, հիմնական գաղափարախոսությունները, գաղափարական հակասությունները, գրականությունը, տարածման շրջանները:
Քաղաքական իսլամ
Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն առանցքային իրադարձությունները, որոնք ձևավորել են ժամանակակից քաղաքական իսլամը՝  անդրադառնալով տարբեր շարժումների և խմբերի գաղափարախոսություններին: Քննության կառնվեն վաղ շրջանի իսլամի քաղաքական կառուցակարգը, սուննի-շիա հակադրությունը, հիմնական գաղափարախոսությունները, ժամանակակից իսլամական շարժումները, 
խմբավորումները, ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները», «Համասը», «Հեզբոլահը», «Իսլամական պետությունը» և այլն:
Ճանաչողության մեթոդոլոգիա
Դասընթացը կվերլուծի, թե ինչպես նախագծել ճանաչողական գիտության վարքագծային ուսումնասիրությունը, ինչպես պետք է ընտրել ճիշտ հետազոտական մեթոդներ և ինչպես ձեռք բերել էմպիրիկ ուսումնասիրությունների քննադական գնահատման հմտություններ: Ինչպես նաև կբարելավվեն բանավոր և գրավոր ելույթներով հանդես գալու հմտությունները: Ինչպե՞ս պետք է գրել հոդված, աբստրակտ, բուն նյութ, եզրակացություն: Ի՞նչ պետք է հաշվի առնել հետազոտական աշխատանքներ կազմելիս, ինչպե՞ս դիմել գիտաժողովների, ի՞նչպես պատրաստել գիտաժողովի ելույթները և այլն:
Երկրագիտության մեթոդաբանություն և պատմություն
Այս դասընթացը կօգնի ուսանողներին կազմել հետազոտության թեմաներ, տեսական խնդիրները կիրառել հետազոտական աշխատանքների մեջ: Ինչպե՞ս վարվել, որպեսզի մեր գաղափարները գործեն: Ինչպե՞ս կազմել սեփական նախագծերը: Ինչպե՞ս կապ ստեղծել տեսությունների և գործնական հետազոտությունների միջև:
 
 
Նորություններ
Курдский вопрос – развенчание мифов и суровые реалии: круглый стол в Ереване
1711/17
Круглый стол Института Востоковедения РАУ
1211/17
КРУГЛЫЙ СТОЛ: КУРДСКИЙ ВОПРОС И ПРОБЛЕМЫ НЕГОСУДАРСТВЕННЫХ НАРОДОВ
0111/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում կայացավ մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի հարցազրույցը
2908/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում է բակալավրիատի հավելյալ ընդունելութուն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով
1807/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում է բակալավրիատի հավելյալ ընդունելութուն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը
2706/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը
Հայ-Ռուսական Համալսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի ընդունելության դիմորդների հարցազրույցը
0806/17
Հայ-Ռուսական Համալսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի ընդունելության դիմորդների հարցազրույցը
НАРОД ЗАЗА: ИЗ НЕБЫТИЯ В ГУЩУ СОБЫТИЙ
0706/17
Բանակցություններ Հայ-Ռուսական Համալսարանում Գիլանի Պետական Համալսարանի պատվիրակության հետ
0706/17
Մեր ինստիտուտի ասպիրանտը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում
0606/17
Մեր ինստիտուտի ասպիրանտը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում