ԲակալավրիատԻրանագիտության ծրագիրը

Իրանագիտության ներածություն (b). Դասընթացը ներածական ակնարկ է իրանական լեզուների և բարբառների, դրանցով խոսվող ժողովուրդների, իրանալեզու տարածքների և դրանց շուրջ կատարված ուսումնասիրությունների մասին:    

Հնդեվրոպական լեզվաբանության ներածություն (e). Դասընթացը հնդեվրոպական լեզուների համեմատական ուսումնասիրության ընդհանուր ներածություն է՝ ընդգրկելով համեմատական լեզվաբանության պատմական ակնարկ, հնդեվրոպական նախահիմք լեզվի հնչյունական և ձևաբանական համակարգերի քննություն, ինչպես նաև անդրադարձ  արիացիների հայրենիքին, մշակութային և հասարակական կարգի տարրերին:

Լեզվաբանության ներածություն (c). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից լեզվաբանության նախապատմությունն ու ներկայիս շրջանակները, լեզվի վարքագծային և ռացիոնալիստական տեսությունները, լեզվի կառուցվածքի ունիվերսալ և ճանաչողական հայեցակարգերը, լեզվի ձևավորման գենետիկ և սոցիալական գործոնները, լեզվաբանական վերլուծությունները:

Իրան և իրանալեզու տարածքներ (b). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրական ճյուղին պատկանող իրանական լեզուներով խոսող ժողովուրդներով բանկեցված տարածքները՝ ներառյալ Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Իրաքի, Թուրքիայի, Պակիստանի մի մասը և Կովկասյան լեռների որոշ շրջաններ:

Իրանական լեզուների և բարբառների պատմություն (e). Դասընթացի շրջանակներում ուսանողները կծանոթանան իրանական լեզուների ժամանակային (հին, միջին, նոր) և աշխարհագրական բաժանումներին (արևմտյան և արևելյան):

Պարսկերենի տեսական քերականություն (b). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել պարսկերենի քերականությունը՝ ընդգրկելով հնչյունաբանությունը, ձևաբանությունն ու շարահյուսությունը:

Գրականագիտության ներածություն (c). Դասընթացը նվիրված է գրականության պատմության խնդիրներին և հիմնական բաժիններին, գրականության և բանահյուսության փոխադարձ կապին, համաշխարհային գրականության զարգացման փուլերին, ավանդական գրականության հիմնական սկզբունքներին, գրական ժանրերին:

Իրանական գրականություն (b). Դասընթացի ընթացքում  ուսանողները կուսումնասիրեն իրանական գրականության բոլոր ժանրերը՝ սկսած միջին իրանական շրջանի գրականությունից առ այսօր՝ ներառելով նաև Հնդկաստանի պարսկալեզու գրականությունը:

Համեմատական կրոնագիտության հիմունքներ (ce). Այս դասընթացը աշխարհի կրոնների համեմատական և ակադեմիական ուսումնասիրության ներածություն է: Հիմնական թեմաները նվիրված են հավատալիքներին, սրբավայրերին, ծիսակարգերին, կրոնական էթիկային և բարոյականությանը,  կրոնի և քաղաքականության միջև եղած կապին, կրոնական ավանդույթներին և հասարակական խնդիրներին:

Արևելյան կրոնների պատմության և տեսության ներածություն (c). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել Արևելքի խոշոր կրոնական և գաղափարական ուղղությունները՝ ընդգրկելով հինդուիզմը, իսլամը, բուդդիզմը, սիկխիզմը, դաոսիզմը, կոնֆուցիականությունը, շինտոիզմը և Արևելքում ծագող ժամանակակից այլ կրոնական հոսանքները:  Կրոնները ուսումնասիրելիս հաշվի կառնվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տիեզերքը հասկանալու և հասարակական կյանքը ձևավորելու մարդկանց ձգտումները՝ հիմնվելով փոխադարձ ըմբռնման և հանդուրժողականության վրա:  

Եզդիները և նրանց կրոնը (b). Այս դասընթացը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել եզդի ժողովրդին որպես էթնոդավանաբանական խումբ, որ խիստ էնդոգամ է, իսկ կրոնը միահյուսված է զրադաշտականության, իսլամի, քրիստոնեության, հուդաիզմի տարրերի հետ:

Իսլամագիտություն (Շիիզմը Իրանում) (b). Դասընթացում ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ իսլամական հայեցակարգերի, ծիսակարգերի, իսլամի ծագման, տարածման, ուղղությունների, դավանաբական սկզբունքների, քաղաքական սկզբունքների, կրոնական եզրույթների,  շիիզմի հիմնադրույթների, աշխարհաքաղաքական ընկալումների, սրբավայրերի, Իրանում շիիզմի տարածման և պետական կրոն հռչակելու մասին:

Քաղաքական իսլամ (c). Կուսումնասիրվեն առանցքային իրադարձությունները, որոնք ձևավորել են ժամանակակից քաղաքական իսլամը՝  անդրադառնալով տարբեր շարժումների և խմբերի գաղափարախոսություններին: Քննության կառնվեն վաղ շրջանի իսլամի քաղաքական կառուցակարգը, սուննի-շիա հակադրությունը, հիմնական գաղափարախոսությունները: Կներկայացվեն ժամանակակից իսլամական շարժումները, խմբավորումները, ահաբեկչական կազմակերպությունները /«Մուսուլման եղբայրներ», «Համաս», «Հեզբոլահ», «Իսլամական պետություն» և այլն/:

Իրանի պատմություն (b). Այս դասընթացը կներկայացնի Իրանի երկարատև պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը: Մանրամասն կուսումնասիրվեն Իրանի պատմության բոլոր փուլերը՝ նախապատմական շրջանը, Մարաստանը, Աքեմենյանները, Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, Սելևկյանները, Պարթևստանը, Սասանյանները, Օմայանները, Աբբասյանները, Թահիրյանները, Սամանյանները, սելջուկյան և մոնղոլական արշավանքները, Սեֆյանները, Ղաջարները և ժամանակակից շրջանը:

Իրանական ազգագրության հիմունքներ (b). Դասընթացը կդիտարկի իրանական ժողովուրդների կյանքն ու կենցաղը, վարքն ու բարքը, մշակութային և պատմական փոխհարաբերությունները՝ օգտագործելով վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական տեքստերը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը:

Իրանական ժողովուրդների ֆիզիկական մարդաբանությունը (b). Կուսումնասիրվի իրանական ժողովրդի ծագումն ու զարգացումը: Գիտական տվյալները բացահայտել են, որ Իրանի և Աֆղանստանի ժողովուրդները կովկասյան ծագում ունեն՝ մոնղոլոիդ և նեգրոիդ ռասաների խառնուրդով:

Քրդագիտության ներածություն (e). Դասընթացը նախատեսում է քրդաբնակ տարածքների, քրդերի մշակույթի, քրդական բարբառների ուսումնասիրություն, կուրմանջիով տեքստերի թարգմանություն՝ ներառյալ գեղարվեստական և լրատվական բնույթի տեքստեր:

Մշակութաբանություն (ce). Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են հանաշխարհային մշակույթի տեսություններն ու մշակույթի պատմությունը, մշակութային քաղաքականությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները:

Արևելյան արվեստի պատմություն  (c). Արևելյան արվեստը գեղարվեստական դասակարգման կարևոր ուղղություններից մեկն է: Կուսումնասիրվեն արևելյան արվեստի ուղղությունները, նրանց ազդեցությունը համաշխարհային մշակույթային ժառանգության վրա, զուգահեռներ կանցկացվեն արևելյան և արևմտյան արվեստի ուղղությունների միջև:

Տրամաբանություն (c). Այս դասընթացում ուսանողները կուսումնասիրեն տրամաբանությունը որպես գիտական ճյուղ: Կքննվեն ինդուկտիվ և դեդուկտիվ մտահանգումները, մտքերի կապակցման ձևերը, ճանաչողությունը, և այն կանոնները, որոնք ապահովում են ճշմարտության ձեռքբերումը:

Իրավագիտություն (ce). Դասընթացը ուսանողներին կներկայացնի իրավական սկզբունքները, գործընթացները, իրավական համակարգի կառուցվածքը՝ ներառելով օրենսդիր, դատական և գործադիր ճյուղերը, իրավունքի փիլիսոփայական հայեցակարգերը: Այն հնարավորություն կընձեռի բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան:            

Քաղաքագիտություն (ce). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն քաղաքագիտությունը որպես գիտություն, մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, պետությունների վարած քաղաքականությունը և դրանց նպատակահարմարությունը առանձին ոլորտներում:      

Տնտեսագիտություն (ce). Դասընթացի նպատակը արտադրական հարաբերությունների, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունների, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունների, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերի, եղանակների ուսումնասիրությունն է:

Թարգմանության տեսություն և պրակտիկա (b). Թարգմանությունը մեծ դեր ունի մշակութային արտադրության և գործնական տեղեկատվության փոխանակման և շրջանառության համար: Դասընթացը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնել այն խնդիրների հետ, որոնց հանդիպում են թարգմանչական գործունեություն իրականացնելիս:

Պարսկերեն (b). Այս դասընթացում ուսանողները ուսումնասիրելու են պարսկերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը, որի արդյունքում նրանք  ձեռք են բերելու պարսկերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ՝ ներառյալ գեղարվեստական, քաղաքական, տնտեսական, կրոնական, գիտական և այլ ոլորտեր:

Թուրքերեն (e). Թուրքերենի դասընթացն ունի երեք կարևոր նպատակ. ուսումնասիրել թուրքերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը: Արդյունքում ուսանողները ձեռք կբերեն թուրքերենով ազատ հաղորդակցվելու և գրելու հմտություններ: Կներկայացվի ժամանակակից և օսմանյան շրջանի գրականությունը: Թուրքերեն տեքստերի ընթերցման միջոցով ուսանողները կծանոթանան Թուրքիայում տեղի ունեցող մշակութային, քաղաքական, կրոնական գործընթացներին: 

Արաբերեն (ce). Դասընթացի նպատակը ժամանակակից արաբերենի քերականական, բառապաշարային համակարգի ուսումնասիրությունն է, որի արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ արաբերեն գրականություն, կթարգմանեն և կվերլուծեն արաբերենով գրված պատմական, կրոնական, քաղաքական, գեղարվեստական  գրականություն:

Հինդի (ce). Կդասավանդվի Դևանագրիի այբուբենը, հինդիի հնչյունական, քերականական, բառապաշարային համակարգը. արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ, գրել և հաղորդակցվել հինդիով: Կծանոթանան հնդկական մշակույթին, սովորույթներին, գրականությանը:

Բելուջերեն (e). Բելուջներն ապրում են Պակիստանում, Իրանում, Աֆղանստանում և հարևան երկրներում: Բելուջերենը բաժանվում է երեք բարբառների՝ արևմտյան, արևելյան և հարավային: Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել բելուջերենի քերականական և բառապաշարային համակարգերը՝ բելուջերեն տեքստերի ընթերցման միջոցով: Կուսումնասիրվեն բելուջական բարբառները:

Քրդերեն (e). Քրդերն ապրում են ներկայիս Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի, Ադրբեջանի տարածքներում` կազմելով 20-25 միլիոն: Քրդերենն ունի երկու հիմնական բարբառ` հարավային քրդերեն (սորանի) և հյուսիսային քրդերեն (կուրմանջի): Ուսանողները կուսումնասիրեն կուրմանջին:

Թալիշերեն (e). Թալիշերենը հյուսիսարևմտյան իրանական լեզու է, որը տարածված է Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Կասպից ծովին հարող տարածքներում: Թալիշերենը բաժանվում է երեք հիմնական բարբառների խմբի` Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական, որոնց հնչյունական, քերականական և բառապաշարային կարգերը նախատեսվում են ուսումնասիրել դասերի ընթացքում:

Օսերեն (e). Դասընթացում ուսանողները կծանոթանան օսերենի իրոնական և դիգորական բարբառների քերականական, բառապաշարային և հնչյունական համակարգերին: Կատարվելու են օսերեն տեքստերի թարգմանություններ, ինչպես նաև ընթերցվելու է Նարտյան էպոսը:

Հին հունարեն (e). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել հին հունարենի ամբողջ քերականական համակարգը, բառապաշարը և հնչյունաբանությունը: Ուսանողները կկարդան և կթարգմանեն հին հունարենով գրված դասական տեքստեր:

Գրաբար (e). Դասընթացը կուսումնասիրի գրաբարի շրջափուլերը, քերականական, բառապաշարային և հնչյունական կառուցվածքը, որի արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ և հասկանալ գրաբարով գրված հին մատենագրությունը` ներառյալ Կորյունի, Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Եզնիկ Կողբացու, Փավստոս Բյուզանդի, Ղազար Փարպեցու երկերը:

Հին պարսկերեն  (b). Հին պարսկերենը հայտնի է որպես Աքեմենյան արքաների արձանագրությունների լեզու, ուստի հին պարսկերենով գրված արձանագրությունները հիմնականում պատկանում են մ.թ.ա. 6-4-րդ դարերին: Ուսանողները կծանոթանան հին պարսկերենի սեպագիր գրությանը, կուսումնասիրեն հին պարսկերենի քերականական համակարգը և կկարդան, կվերլուծեն և կթարգմանեն սեպագիր արձանագրություններից հատվածներ:

Միջին պարսկերեն և պարթևերեն  (b). Կդասավանդվի միջին պարսկերենի և պարթևերենի (նաև մանիքեական) քերականական, հնչյունական և բառապաշարային համակարգը, ինչը ուսանողներին թույլ կտա ծանոթանալ նաև զրդաշտական և մանիքեական հոգևոր գրականությանը: Անդրադարձ կկատարվի նաև միջին իրանական այլ լեզուներին` սողդերենին, բակտրիերենին, խոթանասակերենին, խորեզմերենին:

Անգլերեն (ce). Անգլերենի և արևելագիտության համադարության արդյունքում ուսանողները կխորացնեն անգլերենի գիտելիքները, կուսումնասիրեն անգլերենով գրված մասնագիտական հոդվածներ, աշխատություններ, ձեռք կբերեն անգլերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ: 

Ֆրանսերեն (ce). Ֆրանսերենը արևելագետի համար արևմտյան կարևոր լեզուներից է, քանի որ ֆրանսերենով են գրված արևելագիտական  բազում կարևոր աշխատություններ և  հոդվածներ: Դասընթացում ուսանողները ծանոթանալու են ֆրանսերենով գրված մասնագիտական գրականությանը, ձեռք են բերելու ֆրանսերենով գրելու, կարդալու և հասկանալու, հաղորդակցվելու հմտություններ:

Գերմաներեն  (ce). Գերմաներենը Եվրոպայի ամենակարևոր լեզուներից է բիզնեսի և մշակույթի համար: Բացի այդ, այն համացանցում ամենաշատ օգտագործվող երկրորդ լեզուն է (W3Techs 2014): Այն նաև  կիրառվում է որպես Արևմտյան Եվրոպայի երկրորդ լեզու, որը ծառայում է որպես հաղորդակցման միջոց: Գերմաներենով է գրված արևելագիտական հսկայական գրականություն: Գերմանիայում գործում են արևելագիտական մեծ կենտրոններ: Ուստի գերմաներենի ազատ տիրապետումը թույլ կտա ուսանողներին կարդալ, հասկանալ, հաղորդակցվել և գրել այս լեզվով, բացի այդ ընկղմվել Եվրոպայի ամենաազդեցիկ պետություններից մեկի մշակույթի մեջ:

Ռուսերեն (c). Ռուսերենը անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հետ մեկտեղ համարվում է արևելագիտության համար կարևոր լեզուներից, քանի որ ռուսերենով են գրված արևելագիտական մի շարք կարևոր աշխատություններ, հոդվածներ և Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում արևելագիտական խոշոր կենտրոններ: Ուսումնառության ընթացքում ռուսերենով գրված գեղարվեստական գրականությունից զատ կուսումնասիրվի նաև մասնագիտական գրականություն, որը նրանց թույլ կտա ազատ գրել, կարդալ, հաղորդակցվել ռուսերենով:  

 

*****
b –հիմնական առարկաներ
c – իրանագիտության և թյուրքագիտության ընդհանուր առարկաներ
e – ընտրովի առարկաներ
ce –ընդհանուր ընտրովի առարկաներ իրանագիտության և թյուրքագիտության համար       
Նորություններ
Курдский вопрос – развенчание мифов и суровые реалии: круглый стол в Ереване
1711/17
Круглый стол Института Востоковедения РАУ
1211/17
КРУГЛЫЙ СТОЛ: КУРДСКИЙ ВОПРОС И ПРОБЛЕМЫ НЕГОСУДАРСТВЕННЫХ НАРОДОВ
0111/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում կայացավ մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի հարցազրույցը
2908/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում է բակալավրիատի հավելյալ ընդունելութուն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով
1807/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում է բակալավրիատի հավելյալ ընդունելութուն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը
2706/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը
Հայ-Ռուսական Համալսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի ընդունելության դիմորդների հարցազրույցը
0806/17
Հայ-Ռուսական Համալսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի ընդունելության դիմորդների հարցազրույցը
НАРОД ЗАЗА: ИЗ НЕБЫТИЯ В ГУЩУ СОБЫТИЙ
0706/17
Բանակցություններ Հայ-Ռուսական Համալսարանում Գիլանի Պետական Համալսարանի պատվիրակության հետ
0706/17
Մեր ինստիտուտի ասպիրանտը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում
0606/17
Մեր ինստիտուտի ասպիրանտը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում