ԲակալավրիատԹյուրքագիտության ծրագիրը
Թյուրքագիտության ներածություն (b). Այս դասընթացում ուսանողները կիմանան, թե ինչ է ենթադրում թյուրքագիտությունը որպես գիտություն: Ներածական ակնարկով կներկայացվի թյուրքական ժողովուրդների և թյուրքախոս տարածքների պատմությունը, լեզուն, գրականությունը, բանահյուսությունը, կրոնը, ազգագրությունը, հոգևոր և նյութական մշակույթը:
Լեզվաբանության ներածություն (c). Ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից լեզվաբանության նախապատմությունն ու ներկայիս շրջանակները, լեզվի վարքագծային և ռացիոնալիստական տեսությունները, լեզվի կառուցվածքի ունիվերսալ և ճանաչողական հայեցակարգերը, լեզվի ձևավորման գենետիկ և սոցիալական գործոնները, լեզվաբանական վերլուծությունները:
Թյուրքական լեզուների և բարբառների պատմություն (b). Թյուրքական լեզուներն ունեն 1100-ամյա պատմություն: Կուսումնասիրվեն թյուրքական լեզուների լեզվական առանձնահատկությունները,  նրանց ընդհանրությունը պրոտոթյուրքական սուբստրատի պատմական զարգացման համատեքստում և թյուրքական լեզուների ու բարբառների ժամանակային և տարածական բաժանումների տեսությունները:
Թյուրքալեզու տարածքներ (b). Թյուրքական լեզուների տարածման արեալն ընդգրկում է արևմուտքից` Թուրքիայից, մինչ արևելք` Սինցզյան, հյուսիսից` Արևելասիբիրական ծովից մինչև հարավ` Խորասան: Այս լեզուները կրողներն ապրում են Ադրբեջանում (ադրբեջանցիներ), Թուրքմենստանում (թուրքմեններ), Ուզբեկստանում (ուզբեկներ), Ռուսաստանում (կկարաչայները, չուվաշները, թաթարները, բաշքիրները և այլն), Թուրքիայում (թուրքեր), Չինաստանում (ույղուրներ) և այլն: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են թյուրախոս ժողովուրդներով բնակցված տարածքները պատմական համատեքստով:
Թուրքերենի տեսական քերականություն (b). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել ժամանակակից թուրքերենի քերականությունը՝ ընդգրկելով հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը, բառապաշարը:
Ադրբեջաներենի տեսական քերականություն (b). Այս դասընթացն ուսումնասիրում է ադրբեջաներենի քերականական համակարգը`  ներառելով հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը, բառապաշարը:
Գրականագիտության ներածություն (c).Դասընթացը նվիրված է գրականության պատմության խնդիրներին և հիմնական բաժիններին, գրականության և բանահյուսության փոխադարձ կապին, համաշխարհային գրականության զարգացման փուլերին, ավանդական գրականության հիմնական սկզբունքներին, գրական ժանրերին:
Թյուրքական գրականության պատմություն (b).    Դասընթացի ընթացքում ուսանողներն ուսումնասիրելու են թյուրքական ժողովուրդների գրականության պատմության ամբողջական շրջափուլերը`  սկսած Օրխոնի արձանագրություններից և հին ույղուրների բուդդայական տեքստերից, Կարախանյանների իսլամական գրականությունից և չաղաթայական գրական ժանրերից մինչև հին անատոլիական իսլամական միստիկ պոեմներ և ժամանակակից Թուրքիայի գրականություն:
Համեմատական կրոնագիտության հիմունքներ (ce). Այս դասընթացը աշխարհի կրոնների համեմատական և ակադեմիական ուսումնասիրության ներածություն է: Հիմնական թեմաները նվիրված են հավատալիքներին, սրբավայրերին, ծիսակարգերին, կրոնական էթիկային և բարոյականությանը,  կրոնի և քաղաքականության միջև եղած կապին, կրոնական ավանդույթների հասարակական խնդիրներին:
Արևելյան կրոնների պատմության և տեսության ներածություն (c). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել Արևելքի խոշոր կրոնական և գաղափարական ուղղությունները՝ ընդգրկելով հինդուիզմը, իսլամը, բուդդիզմը, սիկխիզմը, դաոսիզմը, կոնֆուցիականությունը, շինտոիզմը և այլ Արևելքում ծագող ժամանակակից կրոնական ուղղություններ:  Յուրաքանչյուր կրոն կուսումնասիրվի հաշվի առնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տիեզերքը հասկանալու և հասարակական կյանքը ձևավորելու մարդկանց ձգտումները՝ հիմնվելով փոխադարձ ըմբռնման և հանդուրժողականության վրա:  
Իսլամագիտություն (Ալեվիզմ) (b). Իսլամագիտության դասընթացում ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ իսլամական հայեցակարգերի, ծիսակարգերի, իսլամի ծագման, տարածման, ուղղությունների, դավանաբական սկզբունքների, քաղաքական սկզբունքների, կրոնական եզրույթների,  աշխարհաքաղաքական ընկալումների, սրբավայրերի, ալեվիականության մասին:
Քաղաքական իսլամ (c).Կուսումնասիրվեն առանցքային իրադարձությունները, որոնք ձևավորել են ժամանակակից քաղաքական իսլամը՝  անդրադառնալով տարբեր շարժումների և խմբերի գաղափարախոսություններին: Քննության կառնվեն վաղ շրջանի իսլամի քաղաքական կառուցակարգը, սուննի-շիա հակադրությունը, հիմնական գաղափարախոսությունները, անդրադարձ կկատարվի ժամանակակից իսլամական շարժումներին, խմբավորումներին, ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները», «Համասը», «Հեզբոլահը», «Իսլամական պետությունը» և այլն:
Թյուրքական ժողովուրդների ֆիզիկական մարդաբանությունը (b). Այս դասընթացն ուսումնասիրելու է թյուրքական ժողովուրդների ծագումնաբանությունը: Արդյո՞ք նրանք գենետիկորեն կապված են Կենտրոնական Ասիայի թյուրքերի հետ, թե՞ ծագում են Անատոլիայի բնիկ բնակչությունից, որոնք մշակույթային առումով միջին դարերում ասիմիլիացվել են: Արդյո՞ք նրանց և ժամանակակից թյուրքական ժողովուրդների միջև որևէ գենետիկ կապ կա, թե՞ ոչ և այլն:
Թյուրքական ժողովուրդների ազգագրություն (b). Ուսումնասիրվելու են թյուրքական ժողովուրդների վարքն ու բարքը, կենցաղը, սովորությունները, մշակութային և պատմական փոխհարաբերությունները` օգտագործելով արդեն իսկ եղած ազգագրական աշխատանքները:
Թուրքիայի պատմություն (Օսմանյան և Հանրապետական շրջաններ) (b). Այս դասընթացում ուսանողները քննարկելու են Կենտրոնական Ասիայի, Օսմանյան և ժամանակակից Թուրքիայի պատմությունը,  քաղաքականությունը, դրանց միջև եղած կապը, զարգացումները:
Ժամանակակից Թուրքիայի քաղաքական համակարգը (e). Դասընթացը նպատակ ունի ապահովել Թուրքիայի քաղաքական ինստիտուտների և  գործընթացների դասական և ժամանակակից գրականության քննություն` Օսմանյան շրջանից սկսած մինչ այսօր: Հատուկ ուշադրություն կդարձվի հանրային քաղաքականության ձևավորման գործընթացներին, պետական կառավարման կառուցվածքին և զանգվածային շարժումներին: Ուսանողները կհասկանան և կվերլուծեն քաղաքական կյանքի բարդություններն ու զարգացումները, ինչպես նաև սոցիալական-տնտեսական գործոնները, որոնք ազդում են Թուրքիայի քաղաքական կյանքի վրա: 
Տարածաշրջանային կոնֆիլտներ (e). Այս դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են տարածաշրջանի երկրների` ներառյալ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի. Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի, Պաղեստինի, Թուրքիայի, Հորդանանի ազգային մարտահրավերները, և ինչպես են անցյալում տեղի ունեցած հեղափոխությունները ազդում դրանց վրա:
Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության ազգային փոքրամասնությունները (b). Ներկայումս ազգային փոքրամասնությունների կարգավիճակը և նրանց ճանաչումը Թուրքիայի ներքին քաղաքականության ամենաբարդ խնդիրներից է: Եթե այսօր այդ պայքարի մասն են կազմում ալևիներն ու քրդերը, Օսմանյան կայսրության շրջանում այս խնդրին էին  բախվում ոչ մուսուլման փոքրամասնությունները: Այս դասընթացում մենք կուսումնասիրենք քաղաքական, սոցիալական, տնտեսական գործոնները, որոնք խթանեցին Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում ազգայնամոլության  ու միջհամայնքային բռնությունների առաջացմանը:  Ինչպես նաև կանդրադառնանք 20-րդ դարի Թուրքիայի հայերի, հույների, հրեաների և քրդերի պատմությանը:
Օսմանյան կայսրության հայկական գաղթօջախների պատմություն (b). Աշխարհի տարբեր երկրներում առաջացած հայկական գաղութների պատմությունը հայ ժողովրդի ամբողջական պատմության անբաժանելի մասն է կազմում։ Հայկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն ու բարքերը, հայկական մշակույթը։
Դասընթացն ուսումնասիրելու է Օսմանյան կայսրության հայկական գաղթօջախները ձևավորումը, Կոստանդնուպոլսի հայկական գաղթօջախը, առևտրականների և արհեստավորների դերը և այլն:
Հայոց ցեղասպանության պատմություն (e). Այս դասընթացի նպատակներն են. ցեղասպանագիտության ներածական ակնարկ՝ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանության ու տեղահանության և դրա պատճառների ու հետևանքների ուսումնասիրություն, միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծություն:
Մշակութաբանություն (ce). Ուսումնասիրվելու են համաշխարհային մշակույթի տեսություններն ու մշակույթի պատմությունը, մշակութային քաղաքականությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները:
Արևելյան արվեստի պատմություն  (c). Արևելյան արվեստը գեղարվեստական դասակարգման կարևոր ուղղություններից մեկն է: Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն արևելյան արվեստի ուղղությունները, արևելյան արվեստի ազդեցությունը համաշխարհային մշակույթային ժառանգության վրա, զուգահեռներ կանցկացվեն արևելյան և արևմտյան արվեստի ուղղությունների միջև:
Տրամաբանություն (c). Այս դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն տրամաբանությունը որպես գիտական ճյուղ, կքննվեն ինդուկտիվ և դեդուկտիվ մտահանգումները, մտածողությունը կառուցվածքի տեսանկյունից, մտքերի կապակցման ձևերը, ճանաչողությունը, և այն կանոնները, որոնք ապահովում են ճշմարտության ձեռքբերումն այդ ձևերի միջոցով:
Իրավագիտություն (ce). Դասընթացը ուսանողներին կներկայացնի իրավական սկզբունքները, գործընթացները, իրավական համակարգի կառուցվածքը՝ ներառելով օրենսդիր, դատական և գործադիր ճյուղերը, իրավունքի փիլիսոփայական ասպեկտները: Այն հնարավորություն կընձեռի բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան:            
Քաղաքագիտություն (ce). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն քաղաքագիտությունը որպես գիտություն,  մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, պետությունների վարած քաղաքականությունը և դրանց նպատակահարմարությունը առանձին ոլորտներում:      
Տնտեսագիտություն (ce). Դասընթացի նպատակը արտադրական հարաբերությունների, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունների, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունների, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերի, եղանակների ուսումնասիրությունն է:
Թարգմանության տեսություն և պրակտիկա (b). Թարգմանությունը մեծ դեր ունի մշակութային արտադրության և գործնական տեղեկատվության փոխանակման և շրջանառության համար: Չունենալով թարգմանչի մասնագիտություն՝ ժամանակակից լեզվաբանները շատ հաճախ են թարգամնում ֆորմալ և ոչ ֆորմալ բնույթի տեքստեր: Այս դասընթացը նպատակ ունի ուսանողներինծանոթացնել այն խնդիրների հետ, որոնց նրանք հանդիպում են թարգմանչական գործունեություն իրականացնելիս:
Թուրքերեն (b). Թուրքերենի դասընթացն ունի երեք կարևոր նպատակ. ուսումնասիրել թուրքերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը, որի արդյունքում ուսանողները ձեռք կբերեն թուրքերենով ազատ հաղորդակցվելու և գրելու հմտություններ; ներկայացնել նրանց ժամանակակից և օսմանյան շրջանի գրականությունը; թուրքերեն տեքստերի ընթերցման միջոցով ծանոթանալ Թուրքիայում տեղի ունեցող մշակութային, քաղաքական, կրոնական գործընթացներին: 
Ադրբեջաներեն (b).Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթանալու են ժամանակակից ադրբեջաներենի հնչյունական, ձևաբանական, շարահյուսական համակարգերին, ուսումնասիրելու են ադրբեջաներենի բառապաշարը, կատարվելու են թարգմանություններ, կարդալու են տարբեր ոլորտի տեքստեր, որի արդյունքում ուսանողները ձեռք կբերեն ադրբեջաներենով ազատ գրելու, կարդալու, թարգմանելու, հաղորդակցվելու հմտություններ:
Օսմաներեն (b). Այս դասընթացի ընթացքում ուսանողները սովորելու են, թե ինչպես գրել և կարդալ օսմաներենով, որը հանդիսանում է Օսմանյան կայսրության և ժամանակակից թուրքերենին նախորդող լեզուն: Ուսումնասիրելու են օսմաներենի քերականական և բառապաշարային համակարգը, նրանցում առկա արաբական և պարսկական տարրերը, ինչպես նաև համեմատություններ են կատարվելու ժամանակակից թուրքերենի հետ:
Պարսկերեն (e). Այս դասընթացի ընթացքում ուսանողները ուսումնասիրելու են պարսկերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը, որի արդյունքում նրանք  ձեռք են բերելու պարսկերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ՝ ներառյալ գեղարվեստական, քաղաքական, տնտեսական, կրոնական, գիտական և այլ ոլորտեր:
Արաբերեն (ce). Դասընթացի նպատակը ժամանակակից արաբերնի քերականական, բառապաշարային համակարգի ուսումնասիրությունն է, որի արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ արաբերեն գրականություն, կթարգմանեն և կվերլուծեն արաբերենով գրված պատմական, կրոնական, քաղաքական, գեղարվեստական  գրականություն:
Հինդի (ce). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Դևանագրիի այբուբենը, հինդիի հնչյունական, քերականական, բառապաշարային համակարգը, որի արդյունքում կկարողանան կարդալ, գրել և հաղորդակցվել հինդիով՝ միաժամանակ ծանոթանալով հնդկական մշակույթին, սովորույթներին, գրականությանը:
Անգլերեն (ce).Անգլերենի և արևելագիտության համդարության արդյունքում ուսանողները կխորացնեն անգլերենի գիտելիքները, կուսումնասիրեն անգլերենով գրված մասնագիտական հոդվածներ, աշխատություններ, ձեռք կբերեն անգլերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ: 
Ֆրանսերեն    (ce). Ֆրանսերենը արևելագետների համար արևմտյան կարևոր լեզուներից է, քանի որ ֆրանսերենով են գրված արևելագիտական  բազում կարևոր աշխատություններ և  հոդվածներ: Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթանալու են ֆրանսերենով գրված մասնագիտական գրականությանը, ձեռք են բերելու ֆրանսերենով գրելու, կարդալու և հասկանալու, հաղորդակցվելու հմտություններ:
Գերմաներեն (ce).Գերմաներենը Եվրոպայի ամենակարևոր լեզուներից է բիզնեսի և մշակույթի համար: Բացի այդ, այն համացանցում ամենաշատ օգտագործվող երկրորդ լեզուն է (W3Techs 2014): Այն նաև  կիրառվում է որպես Արևմտյան Եվրոպայի երկրորդ լեզու, որը ծառայում է որպես հաղորդակցման միջոց: Գերմաներենով է գրված արևելագիտական հսկայական գրականություն: Գերմանիայում են կենտրոնացած արևելագիտական մեծ կենտրոններ: Ուստի գերմաներենի ազատ տիրապետումը թույլ կտա ուսանողներին կարդալ, հասկանալ, հաղորդակցվել և գրել այս լեզվով, բացի այդ ընկղմվել Եվրոպայի ամենաազդեցիկ պետություններից մեկի մշակույթի մեջ:
Ռուսերեն (c). Ռուսերենը, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հետ մեկտեղ համարվում է արևելագիտության համար կարևոր լեզուներից, քանի որ ռուսերենով են գրված արևելագիտական մի շարք կարևոր աշխատություններ, հոդվածներ և Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում արևելագիտական խոշոր կենտրոններ: Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ռուսերենով գրված գեղարվեստական գրականությունից զատ նաև մասնագիտական գրականություն, որը նրանց թույլ կտա ազատ գրել, կարդալ, հաղորդակցվել ռուսերենով: 
 
 
*****
b –հիմնական առարկաներ
c – իրանագիտության և թյուրքագիտության ընդհանուր առարկաներ
e – ընտրովի առարկաներ
ce –ընդհանուր ընտրովի առարկաներ իրանագիտության և թյուրքագիտության համար
Նորություններ
Курдский вопрос – развенчание мифов и суровые реалии: круглый стол в Ереване
1711/17
Круглый стол Института Востоковедения РАУ
1211/17
КРУГЛЫЙ СТОЛ: КУРДСКИЙ ВОПРОС И ПРОБЛЕМЫ НЕГОСУДАРСТВЕННЫХ НАРОДОВ
0111/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում կայացավ մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի հարցազրույցը
2908/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում է բակալավրիատի հավելյալ ընդունելութուն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով
1807/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում է բակալավրիատի հավելյալ ընդունելութուն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը
2706/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը
Հայ-Ռուսական Համալսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի ընդունելության դիմորդների հարցազրույցը
0806/17
Հայ-Ռուսական Համալսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի ընդունելության դիմորդների հարցազրույցը
НАРОД ЗАЗА: ИЗ НЕБЫТИЯ В ГУЩУ СОБЫТИЙ
0706/17
Բանակցություններ Հայ-Ռուսական Համալսարանում Գիլանի Պետական Համալսարանի պատվիրակության հետ
0706/17
Մեր ինստիտուտի ասպիրանտը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում
0606/17
Մեր ինստիտուտի ասպիրանտը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում